• 19.06.2026
  • ԿՍՊ
Բանկը CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ

CaseKey 2026-ը մեկնարկում է աննախադեպ հետաքրքրությամբ ու նոր հնարավորություններով, և արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

Այս տարի CaseKey-ն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրից իր ուժեղացված ակադեմիական բաղադրիչով։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուսանողների գործնական հմտությունների զարգացման, բիզնես խնդիրների լուծման և մրցութային պատրաստվածության վրա, ապա CaseKey 2026-ը նպատակ ունի նաև ուսանողներին անմիջականորեն կապելու աշխարհի առաջատար համալսարանների և ակադեմիական համայնքների հետ։

Ծրագրի առաջին փուլը՝ CaseKey Academy-ն, կմեկնարկի հունիսին և կշարունակվի ամբողջ ամառվա ընթացքում։ Ակադեմիայի շրջանակում մասնակիցները կստանան խորացված գիտելիքներ ռազմավարության, ֆինանսների, մարքեթինգի, տվյալների վերլուծության, բիզնես մոդելավորման, ներկայացման հմտությունների և թիմային աշխատանքի ոլորտներում։ Դասընթացները կվարեն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետներ և դասախոսներ։

Այս ընթացքում մասնակիցների հետ կաշխատեն նաև միջազգային գործընկեր թիմեր Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանից, Կոնկորդիայի համալսարանից (Կանադա) ու Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկից։

Ակադեմիական փուլից հետո CaseKey 2026-ը կանցնի իր մրցութային հատվածին։ Սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին թիմերը կլուծեն հայկական առաջատար ընկերությունների և կազմակերպությունների կողմից ներկայացված երեք առանձին բիզնես քեյս։

Ծրագրի գագաթնակետը կլինի CaseKey 2026-ի մեծ եզրափակիչը, որի բիզնես խնդիրը կհրապարակվի նոյեմբերի վերջին։ Եզրափակիչ փուլ անցած թիմերը կհավաքվեն Դիլիջանում, որտեղ կունենան 4 օր շարունակ ինտենսիվ աշխատելու հնարավորություն։ Այդ ընթացքում նրանք կվերլուծեն վերջնական քեյսը, կմշակեն ռազմավարական առաջարկություններ, կստանան մենթորական աջակցություն և կնախապատրաստեն իրենց վերջնական լուծումները։

«CaseKey-ն վաղուց արդեն դարձել է երիտասարդների ներուժը բացահայտող և զարգացնող լուրջ հարթակ։ Մեզ համար կարևոր է արդեն չորրորդ տարին անընդմեջ նպաստել այն հնարավորությունների ստեղծմանը, որոնք երիտասարդներին կապում են ոչ միայն տեղական բիզնեսի, այլև միջազգային ակադեմիական աշխարհի հետ։ Վստահ ենք՝ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ ու կապեր, որոնք կարևոր դեր կունենան նրանց մասնագիտական ապագայի ձևավորման գործում»,- ծրագրի մեկնարկին նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Մեզ համար հատկապես ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է CaseKey համայնքը տարեցտարի աճում և ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավում։ Այս աճն ու շարունակական զարգացումը հնարավոր են դառնում նաև այն գործընկերների շնորհիվ, որոնք կիսում են մեր տեսլականը։ Ուրախ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան արդեն մի քանի տարի շարունակ կանգնած է CaseKey-ի կողքին՝ աջակցելով ծրագրի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասաց CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Այս տարի բիզնես խնդիրների լուծման մրցույթին դիմել է ավելի քան 800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից և կրթական հաստատություններից։ Բազմաստիճան ընտրության արդյունքում ընտրվել է 234 մասնակից, որոնք ձևավորել են 25 թիմ։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, զարգացող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

թարմացված է՝ 19.06.2026 17:21
Ուղարկել նամակ Հասցեներ