-
05.12.2025
-
ԿՍՊ
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է յուրահատուկ նախագծի, որի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի և բոլոր առևտրային բանկերի ֆինանսավորմամբ երեք տարում կհիմնվի 100 հա նոր անտառ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։
Նախագծի մեկնարկը տրվեց ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ կողմից եռակողմ հուշագիր ստորագրմամբ։
Համագործակցությունը ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ 2023 թ․ իրականացված նախագծի շարունակությունն է, երբ Հայաստանի բոլոր բանկերը և կենտրոնական բանկը միասին տնկեցին 50 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար և Ջրաշեն բնակավայրերի մոտ։
Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը համայնքային հողերում` նպատակ ունենալով ստեղծել կայուն, կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին այդ հողերը և դրանց վրա ձևավորված անտառային էկոհամակարգը վերադառնալու են համայնքին, և անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: «Իմ անտառ Հայաստանն» իրականացնելու է տնկված ծառերի հետագա խնամքը, դրանց պահպանությունը և, անհրաժեշտության դեպքում, չորացած ծառերի փոխարինումը նորերով:
Իր ԿՍՊ ռազմավարության շրջանակում Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է կրթական, մշակութային և բնապահպանական նախագծերի։